Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոմեքենան առգրավվել է նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, 168.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական վերահսկողության ժամկետը չի ավարտվել, և Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կմնա հսկողության տակ, քանի դեռ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Փաստաբանն ասել է, որ Վերաքննիչ դատարանն այս առնչությամբ նախկինում մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը:
Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։