Մեծ ցավով եմ լսում բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ցավ է հայտնել, որ Հայաստանի կառավարության անդամներն Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը ՀՀ-ի հաղթանակն են համարում։
«Մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում, և Հայաստանի ժողովուրդն է այդպես կարծում։ Ես այդ մարդկանց ոչինչ չունեմ ասելու»,- հավելել է նա։
Շահրամանյանը չի մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության «շենքի իմաստը վերանայելու» անհրաժեշտության մասին հայտարարությունը։ Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին լրագրողներին ասել էր, որ այդ շենքում, իր կարծիքով, արցախյան իշխանությունները չպետք է հավաքներ իրականացնեն։
«Այդ հարցին ոչինչ չեմ կարող պատասխանել։ Նման հարցերը պետք է ուղղել այն անձանց, ովքեր նման արտահայտություններ են անում»,- ասել է նա։
Շահրամանյանը նաև մեկնաբանել է սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունը, որում նշված էր, որ ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու փորձի մեջ մեղադրվող կասկածյալների թվում Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ են:
«Հայաստանի տեղեկատվական դաշտում արցախցիների դեմ տեռոր է»,- հայտարարել է Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների վերաբերյալ նաև այլ տեղեկություններ են շրջանառվում, ինչպիսին ֆինանսական հանցագործություններն են։
Շահրամանյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ ուժայիններին՝ խնդրելով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով հնարավոր կլինի պաշտպանել քաղաքացիներին և սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն տարածողներին պատասխանատվության ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութերում։