2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով 1 տարի անց մեղադրյալներ չկան, հայտնի չեն նաև դեպքի մանրամասները «Հրապարակ»-ին հայտնել է ՔԿ-ն։
Ըստ թերթի՝ ՔԿ-ն նշել է, որ դեպքի հանգամանքները պարզ չեն և հրաժարվել է որևէ հարցի պատասխանել։
«Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,- թերթին ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաև զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել էր 218 մարդ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած է համարվում, կա 3 չնույնականացված դի։