Le Figaro-ն հոդված է հրապարակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ճակատագրի մասին և նշել, որ «նրանց ազատ արձակման հնարավորությունները նվազում են»։ Լեռնային Ղարաբաղի գրավումից մեկ տարի անց Բաքվի բանտերում անօրինական կերպով պատանդներ են պահվում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 8 նախկին քաղաքական առաջնորդ, ինչպես նաև քաղաքացիական անձինք և զինվորականներ, նշվում է «Լեռնային Ղարաբաղ. ովքե՞ր են Ադրբեջանում պահվող 23 ռազմագերիները» վերնագրով հոդվածում։
«Ադրբեջանի իշխանություններն զգուշացրել են՝ այս նախկին պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց «հանցագործությունների համար»։ Ահաբեկչություն, անջատողականություն, ռազմական հանցագործություններ, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում… Ինչպես հունվարին ասել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, մեղադրանքները բազմազան են, և ներկայումս «հետաքննության» առարկա են։ Այդ ժամանակվանից դատական նյութերից ոչ մի նորություն չկա, իսկ ազատ արձակման հնարավորությունները նվազում են»,- ասվում է հոդվածում։
Կայքը հիշեցրել է, որ պատանդների թվում են Արցախի երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, ով 2017-2018 թթ․ վարչապետ էր, պետնախարար, իսկ 2020 թվականին ընտրվել է Արցախի նախագահ, 1997 թվականին նախագահ ընտրված, 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին մասնակցող Արկադի Ղուկասյանը և 1991-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Բակո Սահակյանը։ Պատանդների թվում են նաև Արցախի նախկին արտգործնախարար, Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և աշխարհաքաղաքականության դոցենտ Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Այս ռազմագերիներից, իհարկե, ամենահայտնին Ռուբեն Վարդանյանն է։ 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրված միլիարդատերը հատկապես հայտնի է իր «Ավրորա» հիմնադրամով, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի 70%-ը, բարերարը, չորս երեխաների հայրը, որոշեց հեռանալ Ռուսաստանից՝ բնակություն հաստատելու երկրում և օգնելու հայ բնակչությանը»,- հավելել է հրատարակությունը։
Le Figaro-ն ընդգծել է, որ հայ բանտարկյալների պահման պայմանների մասին գործնականում տեղեկություններ չկան, իսկ նրանց ընտանիքները տեղեկություն են ստանում միայն ԿԽՄԿ-ի միջոցով։
«Կարմիր խաչի միջոցով էլ իմացանք, որ նրանք 10 ամիս մեկուսացված են մնացել։ Վերջին լուրերի համաձայն՝ նրանք պահվում են մեկուսարանում»,- հրապարակմանն ասել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Հրապարակումը հիշեցրել է, որ 2023 թվականի հունիսին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ՝ Բաքվի բանտերում կիրառվող խոշտանգումների վերաբերյալ։ Այս տարվա ապրիլին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, Le Figaro-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր հայրը գտնվում է ծանր և ծայրահեղ անորոշ վիճակում։ «Եթե դատավարության օր հայտարարվեր, գոնե կիմանայինք, թե որտեղ է լինելու դատավարությունը»,- ասել էր նա։
Բոլոր հայացքներն ուղղված են դեպի Երևան, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ BBC-ի ռուսական ծառայության հարցին ի պատասխան՝ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձն «առաջնահերթություն» է և «միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում է»։ Բայց լծակը թույլ է, գրում է կայքը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ցավում է Երևանի ջանքերի «լիակատար ձախողման» համար և պնդում, որ կալանավորների ճակատագրի մասին բանակցություններում նույնիսկ չի խոսվում։ Հրապարակման մեջ նշվում է, որ «միջազգային մակարդակով մի քանի ձայներ են լսվել, որոնք պահանջում են ազատ արձակել հայ բանտարկյալներին», մասնավորապես, անցյալ շաբաթ այս պահանջով հանդես են եկել Գլենդելի նախկին քաղաքապետը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Լորա Ֆրիդմանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Le Figaro-ն նաև հիշեցրել է, որ ձերբակալությունից երեք ամիս անց ավելի քան 150 միջազգային գործիչներ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին նախագահներ և միջազգային ընկերությունների տնօրեններ, կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, որոնք պահվում են «միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով»:
Ըստ ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի երրորդ կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրությունների, որոնք վավերացրել են Ադրբեջանը և Հայաստանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա «ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո»:
«Բայց պետական մակարդակով այս հարցն, իրականում, ոչ մեկին չի հետաքրքրում։ Քաղաքական ու դիվանագիտական մակարդակով հույսը շատ քիչ է։ Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, ապա գիտենք, որ այս դատավարությունները վերածվելու են ֆարսի, քանի որ Ադրբեջանն արդարադատություն չի իրականացնում նույնիսկ սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հավելել է Գևորգյանը։
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 ֆորումը լավ հնարավորություն է այս հարցը ևս մեկ անգամ առաջին պլան մղելու համար։ Նա վստահ է, որ համաշխարհային հանրությունը չի կարող հաշտվել սրա հետ։ Միջազգային նորմերի բացահայտ անտեսում, եզրակացնում է Le Figaro-ն։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները գերեվարել և ձերբակալել էին նաև հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը։ Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։