Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայտարարել է Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցի քննարկման համար միջազգային հարթակի ձևավորման անհրաժեշտության մասին։
Ըստ Արցախի ՄԻՊ գրասենյակի՝ Ստեփանյանն իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության տրամադրման, Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցում միջազգային ճնշման, Արցախում հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային կազմակերպությունների գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը։
Արցախի ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում առանձնապես ընդգծել է Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարևորությունը։
Ստեփանյանn ԱՄՆ-ում է գտնվել սեպտեմբերի 15-20-ը։ ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էին Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ադրբեջանական հանցագործությունների զոհերի հարազատները, CFTJ կազմակերպության ներկայացուցիչներ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։