COP29 գագաթնաժողովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Լեռնային Ղարաբաղի բնակչության իսպառ բնաջնջումը դատապարտելու միջազգային հանրության վերջին հնարավորությունը կարող է լինել, գրում է The National Interest-ը։
Պարբերականը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն են սկսել Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով մի քանի օրվա ընթացքում 120,000 էթնիկ հայ բնակչություն վտարվել է հազարամյակներ շարունակ իր տունը համարվող տարածաշրջանից:
«Բացի մի քանի մակերեսային հայտարարություններից, միջազգային հանրությունն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ոչինչ չարեց։ Այժմ փոխհատուցելու եզակի հնարավորություն ունի»,- գրում է կայքը:
Հրատարակությունը շեշտել է, որ Արցախից հեռացածներին պետք է վերադարձի հնարավորություն տալ կամ, գոնե, զգալի փոխհատուցում տրամադրել:
Հոդվածի հեղինակ Թոմաս Բեքերը նշել է, որ մինչ Ադրբեջանն օգտագործելու է համաժողովը, որպեսզի փորձի «մաքրել իր իմիջը», իրավապաշտպան համայնքը հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրություն դարձնելու Ադրբեջանի ռեժիմին, որը շարունակում է ագրեսիա ծրագրել Հայաստանի նկատմամբ։
«COP29-ը պետական պաշտոնյաների համար կարող է որպես ֆորում ծառայել՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով, որպեսզի այդ երկիրը դադարեցնի իր չարաշահումները, ինչպես նաև կոնկրետ ճանապարհ առաջարկելի իրենց հայրենիքից վտարված մարկանց համար»,- նշել է կայքը:
Պարբերականն արձանագրել է, որ նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի եկամտի 92,5 %-ը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է:
«Շատերը ցնցված էին այն հայտարարությունից, որ Ադրբեջանի պես դաժան նավթային պետությունը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը։ Որոշումը կայացվել է էթնիկ զտումից շաբաթներ անց»,- նշել է հեղինակը:
Հոդվածագիրը հայտնել է, որ Մարդու իրավունքների համալսարանական ցանցում (UNHR) անցած չորս տարվա ընթացքում հետաքննել են տեղի ունեցած խախտումները։ Բեքերը գրել է, որ Հարվարդի, Օքսֆորդի, UCLA-ի, Ուեսլեյանի և Յեյլի իրենց թիմը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել է յոթ փաստահավաք առաքելություն։ Նրանք ուսումնասիրած վայրագությունների մասին հրապարակել են 200 էջանոց զեկույց, այդ թվում՝ խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման մասին:
«Անցյալ տարվա էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հանդիպեցի ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելու մոտալուտ վտարման մասին: ՄԱԿ-ը հրապարակել է նաև տարածաշրջանում ցեղասպանության վտանգի մասին զեկույց: Այլ ցեղասպանագետներ նույնպես ահազանգել են. Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդականը, Genocide Watch-ը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Բոլորն առանձին զգուշացումներ են արել Ադրբեջանի գործողությունների ցեղասպանական բնույթի մասին: Ցավոք, մեր ահազանգերն անտեսվեցին, և անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարվածներ հասցրեց»,- հավելել է նա։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։