Սեպտեմբերի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման արարողությունը։ Մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան 4 պատերազմներում նահատակված հայորդիների, 2023 թվականին Ստեփանակերտի բենզինի պայթյունից զոհվածների հիշատակին։
Հուշակոթողի հիմքի օծման արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողները, Արցախի պետական, հասարակական գործիչներ։
Լրագրող Հունան Թադևոսյանը, որը վարում էր արարողությունը, հայտնեց, որ հուշակոթողի կառուցման ֆինանսավորողը չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Հուշակոթողը նախագծել են արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։ Շինարարությունը կհամակարգի Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, հուշակոթողը կբացվի կարճ ժամկետում»,- ասաց Թադևոսյանը։
Միքայել Սարգսյանը պատմեց, որ հուշակոթողը 6 մետր բարձրություն է ունենալու։ ««Արցախի կանչը» 500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնելու։ Այն ունենալու է բաց խորան, որտեղ բրոնզե տառերով գրված է լինելու «Արցախի կանչ»։ Հուշակոթողը նաև մոմավառության, խնկարկության տարածք է ունենալու։ Մեր զոհերի, Արցախում թողած շիրիմների հիշատակը հավերժացնող այս կոթողը սրբատեղի է դառնալու»,- նշեց ճարտարապետը։
Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ «Արցախի կանչը» հոգևոր ու նյութական կամուրջ է դառնալու։
«Հուշակոթողն անցյալի ու ապագայի միջև նյութական և հոգևոր կամուրջ է դառնալու։ Երբ մարդն արտասվում է, աչքերից արցունքները տեսանելի են, բայց երբ սիրտն է լալիս, դա կարելի է միայն զգալ։ Մեր զգացողությունները 1988-ի Արցախյան շարժում են տանում, որի արդյունքում լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ տեսանք։ Բայց ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ միշտ չէ, որ հաղթանակի դափնեպսակին ենք արժանանում։ Նաև մեր պատիվը նսեմացնող փշե պսակին ենք արժանանում։ Պետք է այնպես անենք, որ այդ փշե պսակը հեռանա մեզնից ու վերադառնա հաղթանակի դափնեպսակը»,- ասաց սրբազանը։
2016-ի քառօրյա պատերազմում և 2020-ի 44-օրյա պատերազմում երկու որդիներին՝ Նորայր և Երվանդ Հաջյաններին կորցրած մտավորական, լրագրող Միքայել Հաջյանը միասնականության կոչ արեց։
«Դիմում եմ բոլոր այն քաջորդիներին, որոնք մնացել են Արցախում։ Դիմում եմ նրանց, որոնց հոգիները սավառնում են Ստեփանակերտում՝ սպասումով լի, որ մի օր բոլորս վերադառնալու ենք Արցախ։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, նրանց գերեզմաններին, արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին։ Տղե՛րք ջան, մենք ձեզ հետ ենք, մենք վերադառնալու ենք։ Արցախ վերադարձը ոչ թե երազանք, այլ նպատակ է։ Մենք միասնաբար կարող ենք տեր կանգնել մեր գլխավոր նպատակին՝ Արցախի ազատագրմանը, մեր արժանապատիվ վերադարձին Արցախ»,- ընդգծեց Հաջյանը։
2023 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, պատմեց, որ արդեն 1 տարի է՝ տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ արցախցիներ գալիս «Եռաբլուր», թեպետ իրենց որդիներն ու հարազատները Երևանում շիրմաքար չունեն։
«Գալիս են մեր որդիների շիրիմներին մոտ, խունկ են ծխում, թարմ ծաղիկներ դնում՝ այդպես սգալով իրենց որդիների, եղբայրների ու ամուսինների կորուստը։ Մի օր 2 կին որդուս շիրիմին ծաղիկներ էին դնում։ Նրանց որդիները զոհվել էին 2020-ին, շիրիմները մնացել էին Արցախում։ Ինձ գրկեցին ու ասացին՝ երանի ձեզ, որ լաց լինելու, ծաղիկ դնելու ու խունկ ծխելու տեղ ունեք»,- եզրափակեց Ավետիսյանը։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք էին հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Աննա Բադալյան