Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկմանը՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:
«Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները»,- նշել է Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է, որ աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական արմատների ժխտման:
«Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ տարածքային պահանջներն արդարացնելու և հակամարտություները բորբոքելու նպատակով՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը»,- ասել է նա։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, ի դեմս այս վտանգների, կոչ է արել ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր միջազգային հանրության անգործության պայմաններում Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային ցեղասպանության ոչնչացման սպառնալիքի մասին։ Caucasus Heritage Watch-ը (CHW), վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հունիսի 24-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ավերված օբյեկտների թիվը 2023 թվականի սեպտեմբերին այնտեղից հայերի բռնի տեղահանման պահից ի վեր աճել է 75%-ով։