Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը հանելու նախագիծը։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 26-ի նիստին։
«Սահմանաչափի վերացման հնարավորությունը թույլ է տալիս, որ 100% փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որոնցով նախորդ տարի ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ սահմանաչափը փոխհատուցման ծրագրի սկզբնական շրջանում դրվել էր, որպեսզի իշխանությունները նպաստեին ուսանողների ավելի համաչափ բաշխմանը ՀՀ բուհերում, սակայն հաշվի առնելով, որ այժմ ուսանողների վարձը վերադառնում է, պահանջվում է նախապես սահմանված չափը վերացնել։
Նա նշել է, որ առաջին փուլում կառավարությունը փոխհատուցել է 2023-24 ուսումնական տարվա վարձը, նոր կարգավորմամբ՝ կառավարությունը մտադիր է արցախցի ուսանողների ուսման վճարը փոխհատուցել մինչև կրթության ավարտը։
«Այս փոփոխություններով նախ և առաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը։ Ընդ որում՝ այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով»,- ասել է Անդրեասյանը։
Նա հավելել է, որ 2025-26 ուսումնական տարվանից նախատեսում են ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75%-ի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմությունը։
«Դա, առաջին հերթին, մեր ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց ընտրած ոլորտում»,- ասել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը կփոխհատուցի 4000-ից ավելի արցախցի ուսանողի ուսման վարձը։ Եթե նախորդ տարի 1834 ուսանողի առաջին կիսամյակի վարձն էր փոխհատուցվել, ապա երկրորդ կիսամյակում թիվն ավելացել է մինչև 2134-ի։ Միջին մասնագիտական ու արհեստագործական քոլեջների ուսանողներից առաջին կիսամյակում 919-ի, իսկ երկրորդ կիսամյակում՝ 1133-ի ուսման վարձն է փոխհատուցվել, հավելել է նախարարը։
Հունվարին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, պետությունը կրթաթոշակ է տալիս 4000 ուսանողի, ովքեր սովորում են մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։