Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին ենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջն Անկախության առաջին օրերից ի վեր։
«Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, և այսպիսով՝ սառը դատողության և վերլուծության համար տարածքը շատ փոքր»,- ընդգծել է նա։
Փաշինյանը հավելել է, որ իսկ թե ինչու և ինչպես են նահատակները մեզ համար նոր հնարավորություն ստեղծել՝ «այսօրվա խոսակցության նյութ չէ»։
«Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝ փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,- եզրափակել է վարչապետը։
44-օրյա պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունված համաձայնագրով։ 44-օրյա պատերազմում հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, 3825 զոհ ունի։ Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, պետական պաշտոնյաներն այցելել էին «Եռաբլուր»։