Ադրբեջանն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Ըստ դատախազի՝ նախաքննությունն ավարտվել է, և նրանց մեղադրանք է առաջադրվել «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար»։
«Այժմ քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է, դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են, միաժամանակ՝ ապահովված են մեղադրյալների իրավունքները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների և պահանջների»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ մեղադրյալներից յուրաքանչյուրն ունի մի քանի իրավաբան և նյութերին ծանոթանալու իրավունք։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։