Արցախի և Հանրապետության նախկին ղեկավարության նկատմամբ Հայաստանի իշխանությունների մոտեցումները ներդաշնակ են Ադրբեջանի մոտեցումներին, Armenia Today-ին ասել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ Բաքվի նոր մեղադրանքը։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել էր, որ Բաքվում ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչներին մեղադրանք է առաջադրվել «պատմամշակութային հուշարձանները քանդելու» համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևը հայտնել էր նաև արցախցի առաջնորդների դեմ հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Նրա խոսքով՝ նյութերին ծանոթանալուց հետո գործը կհանձնեն դատարան՝ քննության։
«Արցախի և ԱՀ նախկին ղեկավարության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որոշ դեպքերում նաև լռությունն Ադրբեջանի համար առավել ագրեսիվ գործելու նպաստավոր դաշտ են ստեղծում»,- հավելել է պատգամավորը։
Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախի նախկին ղեկավարության, այլև գերիների ու ռազմագերիների հարցը միշտ օգտագործել է իր սեփական քաղաքական նպատակների և քարոզչության համար:
«Քանի որ այս գործը քաղաքական է, բնականաբար, պարզ է, որ ադրբեջանական արդարադատություն գոյություն չունի։ Ոչ ոք չի էլ կասկածում, որ դատավարությունը, որը լինելու է հրապարակային, բացառապես քաղաքական և քարոզչական նպատակներ է ունենալու։ Իրավական տեսանկյունից՝ այն ամենն, ինչ արել են արցախցիներն իրենց կյանքի ընթացքում, անկախ իրենց կարգավիճակից, որևէ ձևով ապօրինի չէր և բխել է Արցախում հայկական պետականության ունենալու և հայրենակիցներին պաշտպանելու առաջնահերթություններից: Եվ այս պայմաններում Ադրբեջանի խնդիրները պարզ են»,- ընդգծել է ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել, ինչն ուղիղ առնչվում է Ցեղասպանության բոլոր հատկանիշներին։
«Բաքուն նաև օկուպացրել է Հայաստանի մի շարք բնակավայրեր, և ագրեսորի պիտակը ինչ-որ չափով քողարկելու համար փորձելու է կիրառել հայ գերիների և ռազմագերիների խաղաքարտը»,- նշել է նա:
Խոսելով հոկտեմբերի 2-ից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման պայքարի ակնկալիքների մասին՝ Աբրահամյանը նշել է, որ Գալստանյանն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր իր շարժման նպատակների ու խնդիրների մասին։
«Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես և «Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցելու ենք պայքարին։ Մենք 2020 թվականից հետո մասնակցել ենք բոլոր բոլոր շարժումներին, որոնց նպատակի հիմքում իշխանության տապալումն է»,- եզրափակել է պատգամավորը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։