ԱՄՆ 60 կոնգրեսական պահանջում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել և COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակել հայ պատանդներին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ օրենսդիրները պահանջել են, որ COP29-ին ընդառաջ «պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու տարածաշրջանային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքներին և նորմերին հավատարիմ մնալու ուղղությամբ»:
Նրանք ընդգծել են, որ «չնայած ճնշող ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի բախվել էթնիկ զտումների և այլ գործողությունների իրական հետևանքներին»:
Կոնգրեսականները պահանջում են «ճնշում գործադրել բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և ռազմագերիներին՝ ներառյալ էթնիկ հայերին, անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար՝ օգտագործելով COP29-ը որպես բարենպաստ միջավայր»: Նրանք շեշտել են նաև տեղահանված քաղաքացիական անձանց ապահով և անվտանգ վերադառնալու իրավունքը:
«Արցախի ցեղասպան էթնիկ զտումների համար չենթարկելով պատասխանատվության՝ համաշխարհային առաջնորդները պարտավոր են օգտագործել COP29-ի գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատմությունը և դիմակայելու նրա ցեղասպան ռեժիմի ջանքերին՝ կանխելու իր պատերազմական հանցագործությունները և վայրագությունները»,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆը երկկուսակցական օրենսդրական նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավել և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»։