Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկին, այդ թվում՝ Շահրամանյանին, նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։
«Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան»,- գրել է Երիցյանը։
Նա հայտնել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթը դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից։
Փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Փաստաբանը նշել է, որ Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը շարունակում է մնալ նախաքննության փուլում։ Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, ինչի հիման վրա նա այլևս որևէ հետապնդման չի ենթարկվում։
Փաստաբանը մանրամասներ է հայտնել նաև արցախցիների դեմ հարուցված այլ քրեական գործերի ընթացքից։
Նրա տվյալներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին։ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Իշխանության զավթման գործով կալանավորված Արմեն Մնացականյանի գործը գտնվում է նախաքննության փուլում։ Փաստաբանը նշել է, որ Մնացականյանը կտրականապես չի ընդունում մեղադրանքը։ Այս վարույթով դատարան է ներկայացվել կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն՝ հիմնավոր կասկածն այլևս վերացված լինելու հիմքով։
Երիցյանը հայտնել է նաև, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Ըստ նրա՝ նշված գործով նախաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 2025 թվականի հունվար ամիսը։ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքն ու տնային կալանքը վերադաս ատյանների կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, ինչի հիման վրա նա ազատ էր արձակվել։ Ներկայումս Դավիթ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության ներքո՝ խիստ սահմանափակումներով, որի դեմ ներկայացված բողոքները մերժվել են անգամ Վճռաբեկ դատարանի կողմից։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
Փաստաբանի եղբոր՝ Արամ Երիցյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց այդպես էլ չի ընտրվել, իսկ նրա կալանավորումը մերժելու վերաբերյալ երկու տարբեր դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Երիցյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի՝ պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Երիցյանը հավելել է, որ հունիսի 12-ի գործով անցնող Երվանդ Աղաբալյանի և այլ մեղադրյալների գործը գտնվում է դատական քննության փուլում։ Հերթական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին։