ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վերադարձի հնարավորություն է տվել՝ կոչ անելով օգտվել դրանից։
Ճեպազրույցի ընթացքում նա չի մեկնաբանել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պատմական թաղամասերի ոչնչացման մասին տեղեկությունը։
«Որքան հասկանում եմ, խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այդ երկրի օրենքները»,- ընդգծել է նա։
Զախարովան հավելել է, որ երբ խոսքը վերաբերում է մշակութային օբյեկտներին, դրա համար կան մասնագիտացված միջազգային կազմակերպություններ, և եթե հարցեր ունեն, ապա դրանք պետք է լուծվեն այդ նպատակով ստեղծված համապատասխան հաստատություններում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ հարցն իրենց ուղղված չէ և «այն, ինչին իսկապես ապրումակցում են, դա այն մարդկանց վիճակն է, ովքեր լքել են իրենց տները», ասել է նա՝ հավելելով, որ «սա մեծ ողբերգություն է»:
«Բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են իրենց տները լքած բնակչությանը վերադառնալու հնարավորություն տալուն։ Բարձրացնում ենք այդ հարցը, ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ընթացքում ստանում ենք պարզաբանումներ։ Շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում, երբ պատմականորեն այդ վայրերի հետ կապված մարդիկ կորցնում են դրանք»,- ասել է նա:
Զախարովան կրկին ընդգծել է, որ «վերադարձի հնարավորությունը տրվել է», և «եթե մարդիկ շահագրգռված են տարածաշրջանում իրենց տներն ու հայրենի վայրերը պահպանելու հարցում, հավանաբար, պետք է օգտվեն այս հնարավորությունից»։ Նա հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանել հայկական կողմի գործողություններն այս իրավիճակում։