Արցախի հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությանը կոչ են արել մերժել Բաքվի պահանջը՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է
ՀԿ-ների ներկայացուցիչները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված չէ։
«Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն հայ ժողովրդի համար նվաստացուցիչ է, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից»,- ասվում է նամակում։
Արցախի հասարակական կազմակերպությունները «խիստ դատապարտելի ու կործանարար» են անվանել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որոշումը։
«Արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները»,- հայտարարել են Արցախի հասարակական կազմակերպությունները։
Նրանք Հայաստանի կառավարությանը կոչ են արել հետևողականություն ցուցաբերել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումների կատարման հարցում։
«Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ»,- նշվում է նամակում։
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումն անհնար է առանց բարձրացված խնդիրների լուծման, և Բաքվի հետ բանակցություններում դրանք միտումնավոր անտեսելը չի կարող խաղաղության արդյունավետ հիմք ստեղծել։ Նրանք հիշեցրել են, որ Հայաստանը, ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն, բոլոր իրավունքներն ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին։
«Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է»,- հավելել են կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հայտարարությունն ստորագրել է Արցախի 61 հասարակական կազմակերպություն։ Նրանք նաև Հայաստանի արտգործնախարարության ղեկավարին են ուղարկել սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջին ուղարկված նամակի պատճենը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով, ՀՀ է բռնի տեղահանվել 100,632 մարդ։ 2023թ․ դեպտեմբերին Արցախի ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու համար հինգ պայման ապահովել։
Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Մայիսի 14-ին Ալիևը նման առաջարկ արել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Բորջին։