ՀՀ կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ կառավարությունում աջակցության ծրագիր են մշակում խոցելի խմբերի (անչափահասներ, կենսաթոշակառուներ) համար։ Կանխատեսելով, որ ծրագրի ավարտից հետո դժգոհության է լինելու, կառավարությունից իշխանություններին տեղական ինքնակառավարման մարմիններին հրահանգել են տեղերում լոկալ աջակցություններ ցուցաբերելու միջոցներ ձեռնարկել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ 2023-ի նոյեմբերի 9-ին կառավարությունը հաստատել էր նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար նպաստների վճարումները՝ 50 հազար դրամ մեկ անձի համար՝ վարձավճարի և կոմունալ ծախսերի համար։
Հունվարին իշխանությունները հաստատել էին տեղահանվածների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը։ Որոշման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս փոխհատուցում է 50 հազար դրամ՝ որպես կրթաթոշակ, 50 հազար դրամ՝ ուսման վարձի համար։ Կառավարությունը մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։