44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր՝ 4 տարում, Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը կազմել է շուրջ 19,000 մարդ, Armenia Today-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47,212 անձ, որոնցից Հայաստան չեն վերադարձել 18,734-ը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47,105 անձ, որոնցից Հայաստան չեն վերադարձել 18821-ը»,- Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
Ծառայության տվյալներով՝ արցախցիներն ամենից հաճախ մեկնել են հինգ երկրներ՝ Վրաստան, Ռուսաստան, Եգիպտոս, Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ։
ԱԱԾ տվյալներով՝ հուլիսի 27-ի դրությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Հայաստանից հեռացել էր շուրջ 23,404 արցախցի։
Մայիսի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել էր պատասխանել Armenia Today-ի թղթակցի հարցին, թե Հայաստանը վերջին երեք ամիսների ընթացքում Արցախից քանի՞ տեղահանված է լքել։ Փաշինյանն ուռճացված էր անվանել «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությունը, թե ԼՂ շուրջ 16 հազար բռնի տեղահանված լքել է Հայաստանը։
2024 թվականի հունվարին արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցներն Armenia Today-ին ասել էին, որ ստիպված են մտածել արտերկրում աշխատելու մասին, քանի որ իրենց առաջարկվող աշխատավարձը, օրինակ՝ որպես դպրոցի ուսուցիչ, թույլ չի տալիս հոգալ բնակարանի վարձակալության և երեխաների խնամքի ծախսերը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։