Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։
«Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, գուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտությո՞ւն է, որ օգտագործում են անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։ Եթե, այնուամենայնիվ, արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում է տեղի ունեցել, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել»,- գրել է Ստեփանյանը։
Նոյեմբերի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Նախարարությունը նշել էր, որ «միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները»։
Ըստ նոր փոփոխությունների՝ 2025թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան, 63 և ավելի տարեկան են, ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ մինչև 18 տարեկան երեխա են։
Մարտի 28-ին կառավարությունն Արցախից բռնի տեղահանվածերի աջակցության «40+10» ծրագիրը երկարաձգել էր մինչև 2024-ի վերջ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ 2023-ի նոյեմբերի 9-ին կառավարությունը հաստատել էր նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար նպաստների վճարումները՝ 50 հազար դրամ մեկ անձի համար՝ վարձավճարի և կոմունալ ծախսերի համար։
Հունվարին իշխանությունները հաստատել էին տեղահանվածների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը։ Որոշման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս փոխհատուցում է 50 հազար դրամ՝ որպես կրթաթոշակ, 50 հազար դրամ՝ ուսման վարձի համար։ Կառավարությունը մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։