«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան և բողոքարկել արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարները ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու ԱԺ որոշումը, հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխվել է 2024 թվականի հունիսին և որով որոշվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ը պարզաբանել է, որ պատգամավորները ՍԴ-ին խնդրել են պարզաբանել, թե ինչքանով է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8,1. հոդվածը համապատասխանում Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին։
Հունիսի 13-ին ԱԺ-ն հաստատել էր աշխատող արցախցիների կուտակային կենսաթոշակների համակցումը ՀՀ-ի համակարգի հետ։ Հուլիսի 11-ին «Հրապարակը» հայտնել էր, որ արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան։ Հուլիսի 4-ին Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում կենսաթոշակի հաշվարկման ընթացքում արցախցիների 1992-2014թթ․ աշխատանքային ստաժը չի հաշվարկվում։