Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին ընդառաջ կոչ է արել օգտագործել բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու արցախահայության իրավունքները։ Կոչը ստորագրել են նաև Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդը և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության ղեկավար Փոլ Հայտոսթյանը։
Երեք եկեղեցիների առաջնորդները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել 120.000 արցախահայերի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման, ինչպես նաև հայկական կրոնական և պատմական հուշարձանների ծրագրված ոչնչացման և Արցախի քաղաքական ղեկավարության անօրինական գերության առնչությամբ։
Նրանք շեշտել են միջազգային երաշխավորությամբ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնիշխանությունը վերահաստատելու Արցախի ժողովրդի իրավունքը:
Երեք եկեղեցիների ղեկավարները կոչ են արել բոլոր հնարավորություններն ի ի սպաս դնել Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ քաղաքական, պետական, դիվանագիտական, միջ-կրոնական ու միջ-եկեղեցական շրջանակներում՝ տեղեկատվական միջոցների օգտագործմամբ։
«Գտնվում ենք ազգի պատմության ճակատագրական հանգրվանում։ Շրջապատված ենք բազմաթիվ ու բազմազան տագնապներով: Ուստի համահայկական օրակարգի շուրջ մեր ազգի ուժերի համախմբումն ավելի քան հրամայական է: Լինենք խոհեմ ու հեռատես՝ ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագույն արժեքները ու շահերը վեր համարելով կողմնակի ու ժամանակավոր նկատումներից»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։