Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը նախազգուշացում էր հայ ժողովրդին, որ վտանգված են բոլոր հայերը, The Armenian Report-ին ասել է գործարարի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
«Կարծում եմ, որ իմ հոր՝ Ռուբենի նման մարդու ձերբակալությամբ հայ ժողովրդին շատ հստակ ուղերձ է հղվել. հայերից ոչ ոք ապահով չէ, և դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ»,- ասել է նա:
Վարդանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի շատ խոսել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին և ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա:
«Բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն հակասում է միջազգային նորմերին և չափանիշներին: Պետք է Ադրբեջանին ցույց տանք, որ նման վարքագիծը չի կարող հանդուրժելի լինել՝ հատկապես, եթե այդ երկիրը ձգտում է դիրքավորվել միջազգային ասպարեզում»,- հավելել է նա:
Վարդանյանը հայտարարել է, որ անհանգստանում է ոչ միայն հոր, այլև Բաքվի կողմից պատանդառված բոլոր հայերի համար։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում նախկին պետնախարարի հետ և ինչի միջով նա անցնում է, զուր չի լինի, և աշխարհն այդ կապակցությամբ ավելի ուժեղ կսատարի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին:
«Անշուշտ, դժվար ժամանակ է, բայց մեծ հպարտություն եմ զգում իմ հոր համար, իր համարձակության համար անելու այն, ինչ նա ճիշտ էր համարում: Հպարտ եմ փոքրամասնությանը պաշտպանելու նրա ձգտման համար»,- նշել է նա:
Վարդանյանը հիշել է հոր հետ կյանքի փիլիսոփայության մասին զրույցը։
«Երբ բախվում ենք դժվարությունների՝ միշտ ունենք երեք ընտրություն․ մեկուսանալ և փախչել, հարմարվել և ընդունել հանգամանքները կամ փորձել փոխել նույնիսկ ամենաանհնար թվացող իրավիճակներն ու գործել մեր արժեքներին համապատասխան»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում նա:
Գործարարը, որդու խոսքով, միշտ ընտրել է երրորդ ճանապարհը, և այդ ընտրությունն, ի վերջո, նրան բերել է Արցախ՝ տարածաշրջանի համար ամենածանր ժամանակաշրջաններից մեկում:
Արցախի նախկին պետնախարարին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը 2024-ի հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Հոկտեմբերի 18-ին դատարանը երկարացրել էր Վարդանյանի կալանքի ժամկետը։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։