Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմը։
Համաժողովը կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։
Նշվում է, որ այն կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության հովանավորությամբ:
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմի և բռնի տեղահանության մասին։
«Սրբազան հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծվում և ոչնչացվում է մեր բազմադարյա մշակույթը, ինչն ստեղծվել է նվիրական հավատքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ` հիշեցնելով և կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնա գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպեսզի օբյեկտիվ արդարությունը տեսանելի լինի։ Վրթանես Սրբազանը նաև կոչ է արել քրիստոնյա աշխարհին աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համաժողովում զեկույցներով են հանդես եկել մի շարք այլ փորձագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Մերձավոր Արևելքից։
Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։ Caucasus Heritage Watch-ը նոյեմբերի 18-ին հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող 19-րդ դարի Տանձատափի եկեղեցին վերջին մեկ տարվա ընթացքում վնասվել է։