Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հաստատել է բանաձև, որը կոչ է անում երկրի կառավարությանը կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում՝ Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքների ապահովման համար։ Խորհրդարանի ստորին պալատն այն ընդունել է 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայներով։
Համաժողովը կծառայի միջազգային հսկողության ներքո Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսության խթանմանը` քննարկելու նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը, ասված է փաստաթղթում:
Բանաձևի համահեղինակ, պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն ասել է, որ Դաշնային խորհուրդը նոյեմբերի 27-ին առաջարկել է մերժել նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի առաջընթաց են գրանցում, ուստի արտաքին միջամտություն չի պահանջվում։ Պատգամավորն այս մոտեցումն անվանել է չափազանց մակերեսային և ասել, որ իր առաջարկած միջազգային ֆորումը կարող է լրացնել, բայց ոչ փոխարինել երկկողմ բանակցություններին։
«Դաշնային խորհուրդը շեշտում է, որ երկու կողմերն էլ կենտրոնացած են երկկողմ բանակցությունների վրա։ Բայց խնդիրը հենց այստեղ է: Հայաստանը, ըստ երևույթին, հույս ունի, որ տեղահանվախները պարզապես կարտագաղթեն՝ Ադրբեջանին չհրահրելու համար։ Միաժամանակ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում, որոնք անհնարին են դարձնում վերադարձը։ Այս «երկկողմանի խաղաղությունը» ձեռք է բերվում ներգաղթյալների և մշակութային ժառանգության հաշվին»,- ընդգծել է նա Ազգային խորհրդի նիստում։
Ըստ Ֆոնտոբելի՝ Շվեյցարիան չի կարող աչք փակել միջազգային իրավունքի լուրջ խախտումների վրա, քանի որ Ժնևի կոնվենցիաները պարտավորեցնում են ոչ միայն արձագանքել հակամարտող կողմերի խնդրանքին, այլև ակտիվորեն առաջարկել լուծումներ։ Պատգամավորը հավելել է, որ տեղահանվածներն իրենք պետք է մասնակցեն բանակցություններին, ինչի մասին սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ իրեն տեղեկացրել են Արցախի ժողովրդի ներկայացուցիչները։ «Միայն նրանք կարող են արժանահավատորեն արտահայտել իրենց անվտանգության մտահոգությունները և կարիքները. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը դա դեռ չեն արել»,- ասել է նա:
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսը, ով մատնանշել է նման ֆորումի կազմակերպման դժվարությունները։ Նա նշել է, որ Շվեյցարիան պաշտոնական կապեր չի պահպանում Լեռնային Ղարաբաղի հետ։ Կասիսն ասել է, որ երկրի ԱԳՆ-ն դեռ պատրաստ է իր միջնորդությունը տրամադրել երկու կողմերի ցանկությամբ, ինչն այս պահին այդպես չէ։ «Խաղաղության ֆորումը ցանկալի չէ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից: Նման համատեքստում խաղաղության ֆորումի կազմակերպումը տեղին չէ և կարող է նույնիսկ հակաարդյունավետ լինել»,- եզրափակել է նա։
Չնայած դրան, խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել բանաձևին։ Փաստաթուղթը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատ՝ Կանտոնների խորհուրդ, իսկ ընդունվելու դեպքում այն օրենքի ուժ կստանա։
Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովն ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում կազմակերպել միջազգային խաղաղության կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի հարցով: Փաստաթղթում նշվում է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ հայրենիք միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան և իրականացնել ժողովրդավարական ինքնակառավարում։
Դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները դիմել էին Շվեյցարիայի խորհրդարան՝ բանակցային հարթակ կազմակերպելու՝ քննարկելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի քաղաքական, գույքային, սոցիալական և մշակութային իրավունքները։