Արցախի Ազգային ժողովը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Շվեյցարիայի ջանքերին՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստան տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության միջազգային հարթակ ստեղծելու ուղղությամբ։
«Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում», – ասվում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնել, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը:
«Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բաղունցը հավելել է, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։
Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հաստատել էր բանաձև, որը կոչ էր անում երկրի կառավարությանը կազմակերպել խաղաղության միջազգային ֆորում՝ Արցախի ժողովրդի՝ վերադարձի իրավունքների ապահովման համար։
Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովն ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում կազմակերպել միջազգային խաղաղության կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի հարցով: Փաստաթղթում նշվում է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ հայրենիք միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան և իրականացնել ժողովրդավարական ինքնակառավարում։
Դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները դիմել էին Շվեյցարիայի խորհրդարան՝ բանակցային հարթակ կազմակերպելու՝ քննարկելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի քաղաքական, գույքային, սոցիալական և մշակութային իրավունքները։