Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներ Մայքլ Սուկկարը և Փոլ Ֆլեթչերը Բաքվին կոչ են արել անհապաղ ազատել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Սուկկարը Սահակյանի ազատման հարցով դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ տեղեկացնելով Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին և հորդորել է ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:
«Իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին»,- գրել է Սուկկարը:
Ֆլեթչերը նույն պահանջով նամակ է գրել Ադրբեջանի դեսպանատանը՝ կոչ անելով անհամապաղ ազատել Իշխանյանին և կանոնավոր կերպով տեղեկացնել նրա հոգեկան և ֆիզիակական առողջական վիճակի վերաբերյալ:
«Հաճելի էր 2019 թվականին անձամբ հանդիպել պարոն Իշխանյանի հետ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից նրա ձերբակալության և կալանավորման պայմաններն առանձնապես մտահոգիչ են ինձ համար։ Աշխարհը հետևում է Ադրբեջանին, Ավստրալիան հետևում է Ադրբեջանին»,- գրել է նա:
Դեկտեմբերի 17-ին Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։
Բաքուն հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: