2024 թվականին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18063 անձի, դադարեցվել է 3433-ի քաղաքացիությունը, հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
2024-ին, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 20703 անձ, իսկ դադարեցնելու համար՝ 4034 անձ։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6626։ ՀՀ քաղաքացիություն ստացած 18063 անձանց թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 5210։
ՆԳՆ տվյալներով՝ հաշվետու տարում ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմել է 5410 անձ, ստացել է 4280-ը։ Մշտական կացության կարգավիճակի համար դիմել է 3659 անձ, ստացել՝ 2930-ը, իսկ հատուկ կացության կարգավիճակի համար դիմել է 408 անձ, ստացել՝ 413-ը։ Աշխատանքի թույլտվության համակարգի (Work permit) միջոցով կացության ժամանակավոր կարգավիճակի համար դիմել է 5341 անձ, ստացել՝ 3961-ը, մերժումների թիվը կազմել է 2077։
Նոյեմբերի 29-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Նոյեմբերի 5-ին ՆԳՆ-ն արագացրել էր Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել էր ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։