Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ իր գրառումը։
«Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է նա:
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ «Պնդումը բաձարձակ սուտ է։ Դարձյալ ստում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայնվել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանն Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Եթե հայկական կողմը դրան համաձայն էր, ինչո՞ւ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է՝ Փաշինյանը ստում է»,- գրել է պատգամավորը։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածները «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
«Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։ Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ ՝ կեղծիք տարածելով։ Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան»,- գրել էր Շարմազանովը։