Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր թիմի համար այս հարցը ոչ միայն փակված չէ, այլ «դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին», գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ ՔՊ-ի ամբողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին»,- գրել է նա:
Պատգամավորը հիշեցրել է խորհրդարանում վարչապետի խոստովանությունները, որ դեռ 2018-ին «ստել է՝ հայտարարելով, թե իբր ճիշտ է համարում Արցախի հարցի լուծումն ինքնորոշման իրավունքի սկզբունքով»։
«Սրելով իրադրությունը՝ գնացել է վա բանկ` 2019-ի օգոստոսին, Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարելով` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:
Սրանք բոլորի աչքի առաջ, հայկական շահերը մատաղ են արել, ինչը Հայաստանի ու Արցախի համար հսկայական մարդկային և տարածքային հետևանքների է հանգեցրել»,- գրել է նա:
Աբրահամյանը մեկնաբանել է նաև նախկին նախագահների հետ բանավեճ անցկացնելու Փաշինյանի հրավերը և հայտարարել, որ Արցախի հարցում իշխանությունների ապակառուցողական քաղաքականության արդյունքներն անիմաստ են դարձնում ցանկացած բանակցություն։ Փոխարենը՝ անհրաժեշտ է միայն իրավական գնահատական տալ Փաշինյանի ու նրա շրջապատի գործողություններին ու անգործությանը, եզրափակել է պատգամավորը։
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ ՀՀԿ մամուլի քարտուղար, Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
Հայաստանի նախկին նախագահներն արձագանքել էին Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի առաջարկին և մերժել այն։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընդգծել է, որ 2018-24 թվականներին Փաշինյանը Հայաստանում ունեցել է լիարժեք իշխանություն և կրում է բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը։ Սերժ Սարգսյանի գրասենյակը Փաշինյանին խորհուրդ էր տվել բանավեճեր անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հետ, որոնք «2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի և սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը։