ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Արցախի բանակցային գործընթացի թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։ Նա շեշտել է, որ տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին։
Օսկանյանը հիշեցրել է, որ 1992թ․ Արցախի բանակցությունների առաջին գծում էր գտնվում՝ սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո որպես բանակցություններ վարող, ԱԳ փոխնախարար ու նախարար։
«Նախագահներից հետո երևի հազվագյուտ մարդկանցից եմ, որ իսկապես տիրապետել ու շարունակում եմ տիրապետել ողջ գործընթացին։ Ելնելով դրանից՝ թույլ չեմ տա, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին»,- ասել է արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը։
Օսկանյանը բանավեճի համար պայման է առաջարկել՝ բանավեճում պարտվելուց հետո Փաշինյանը պարտավոր է փոխել քաղաքականությունն Արցախի հարցում և «բանակցային օրակարգ բերել ԼՂ ժողովրդին իրենց հայրենիք, իրենց տներ վերադառնալու հարցը»։
Նա Արցախի հարցում Փաշինյանի հայտարարությունները կապել է պատերազմում իր պարտությունն արդարացնելու և Արցախի կորստի մեղավորությունը չընդունելու վարչապետի ցանկության հետ։
«Ղարաբաղի կորստից, պատերազմից հետո մտել է արդարացման գործընթացի մեջ, որն ավելի է խորացրել մեր խնդիրները, և արդեն այսօր այդ արդարացման գործընթացը բոլորովին նոր դրսևորումներ է ստացել»,- ասել է Օսկանյանը։
Նա նաև նշել է, որ Արցախի հարցի միջազգային քննարկումների ակտիվացման ժամանակ Փաշինյանն ավելի շատ է սկսում արդարանալ։
«Ինչքան միջազգային հանրությունն ավելի հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ կարծես սրվում են այս արդարացմսն դրսևորումները։ Եղել են տարբեր երկրների ղեկավարների հայտարարություններ առ այն, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի իր տները վերադառնալ, առ այն, որ ԼՂ-ի հարցը փակված չէ։ Եվ այս ամենը կարծես Փաշինյանին հանգիստ չեն տալիս։ Ինքն ուզում է այս հարցն ընդմիշտ փակել»,- ասել է դիվանագետը։
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ ՀՀԿ մամուլի քարտուղար, Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
Հայաստանի նախկին նախագահներն արձագանքել էին Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի առաջարկին և մերժել այն։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը խորհուրդ էր տվել Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճ կազմակերպել։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընդգծել էր, որ 2018-24 թվականներին Փաշինյանը Հայաստանում ունեցել է լիարժեք իշխանություն և կրում է բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը։
Սերժ Սարգսյանի գրասենյակը Փաշինյանին խորհուրդ էր տվել բանավեճեր անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հետ, որոնք «2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի և սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը: