Ադրբեջանցիները Խաչենի տիրակալ Հասան-Ջալալին ներկայացնում են որպես թուրքական ծագում ունեցող իշխան, հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Հիմնադրամից շեշտել են, որ Հասան-Ջալալի ազգությամբ հայ իշխան լինելը վկայում են միջնադարյան հայկական աղբյուրները, Գանձասարի վանքում պահպանված հայալեզու վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև նրա կողմից Գանձասարի վանքին նվիրած ձեռագիր Աստվածաշնչի հայտնի հիշատակարանը։
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է Խաչենի հայազգի նշանավոր այս տիրակալին վերագրել թյուրքական ծագում, իսկ նրա իշխանությունն էլ կոչել «Խաչենի աղվանական աթաբեկություն», երբ 13-րդ դարում Խաչենի տարածքում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ»,- նշել են հիմնադրամից։
Հիմնադրամը հիշեցրել է, որ 13-րդ դարի կեսերին Արցախում պահպանվում էր Խաչենի հայկական իշխանությունը, որը մեծ հզորության էր հասել Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի օրոք (1214/1216-1261 թվականներ)։ «Հասան» արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «Ջալալ»՝ «փառք, վեհություն», իսկ «Դոլա»՝ «հարստություն, իշխանություն»։ Նա կրել է «Խաչենի և Առանի իշխան», «Ինքնակալ և մեծ իշխան Արցախական աշխարհի», «Թագավոր» տիտղոսները։ 1216-1238 թվականներին Հասան-Ջալալը կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
Ադրբեջանն Արցախում գտնվող մշակութային ժառանգության բոլոր շերտերը փորձում է «աղվանականացնել», ապրիլին ահազանգել էր Monument watch-ը:
Մարտին ադրբեջանական լրատվամիջոցները ոչ միայն «ալբանական» էին անվանել օկուպացված Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, այլև մեղադրել էին հայերին «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու համար։ Ապրիլին Ադրբեջանն Արցախի Քաշաթաղի շրջանի հայկական Զորախաչ եկեղեցին անվանել էր «աղվանական»։ Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով:
2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին: Ադրբեջանցիները փորձում են աղվանականցնել նաև Ամարասի վանքը, Տողի մելիքական ապարանքը: Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող Շալվայի 17-18-րդ դարերի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Ադրբեջանը նույնպես ներկայացնում է որպես աղվանական։