Միջազգային իրավական գործընթացների համար հավաքագրվում են տվյալներ Արցախում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված տների մասին, հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
««Արցախ միությունը» և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար»,- գրել է նա:
Նա կոչ է արել բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում լրացնել համապատասխան հարցաթերթիկը։
Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը շարունակում է ավերել Ստեփանակերտի հին թաղամասերը՝ փորձելով հայկական հետքը ջնջել։
Սեպտեմբերի 2-ին պատմաբան Հովիկ Ավանեսովն Armenia Today-ին հայտնել էր, որ Ադրբեջանը 2020-ից սկսած Արցախում ավելի քան 600 մշակութային հուշարձան է վանդալիզմի ենթարկել։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ 2020-ի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է «Կանաչ ժամ» անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։ Ադրբեջանն ավերել էր Արցախի Մոխրենես գյուղը։