Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է զինվորական դատարան, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:
Բաքուն հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։