Թող արդարությունը հաղթանակի և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան օրվա առթիվ հղած ուղերձում մաղթել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի (ՀԱԵ) առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը»,- ուղերձում նշել է Արցախի թեմի առաջնորդը։
Նա հավելել է, որ արցախցիների համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան էին, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։