«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված 391 անձ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից մանրամասնել են, որ 1-ին բաղադրիչով (բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում) տրամադրվել է 334 հավաստագիր։ 2-րդ բաղադրիչով (անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում) հավաստագիր է ստացել 18 անձ, 3-րդ բաղադրիչով (գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրում) տրամադրվել է 39 հավաստագիր։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ արցախցիները ծրագրի մասնակից կարող են դառնալ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։
Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ն առավել մանրամասն պատմել է մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի հունիսի 14-ի ուղեցույցում։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/։