Հայաստանի պատանիների ստեղծած սարքը կմեկնի տիեզերք։ 2021թ․ նոյեմբերին մեկնարկած «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Research Lab-ի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, 2022թ․ մարտի 5-ին կհայտարարի հաղթող թիմին։ Այս մասին հայտնում է ՀայԹեք Թիմը։
Հաղթող թիմի ընտրությունը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 10։00-14։00-ը Impact Hub Yerevan-ում (հասցե՝ Տիգրան Մեծ 80)։
Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած թիմերով աշխատել են ստեղծել տիեզերք ուղարկվելիք սարքեր: Եզրափակիչ փուլ անցել են 4 թիմ, որոնք էլ կներկայացնեն իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրությանը։
Եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 թիմերին հնարավորություն կընձեռվի մասնակցել Starmus Festival 2022-ին, ինչպես նաև այցելել և հանդիպումներ ունենալ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրների հետ, իսկ եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կստանա 2022-ի ապրիլին դեպի տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը։
«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել STEM կրթությունը, մասնավորապես՝ ռոբոտաշինությունը, պատանիների և երիտասարդների շրջանում: Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը և իր մասնակցությունն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների բնագավառում։
Bazoomq Space Research Lab-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ մասնագիտացած տիեզերական հետազոտությունների բնագավառում: Կազմակերպության նպատակն է Հայաստանում և Հայաստանի համար ստեղծել և զարգացնել հմտություններ ու կարողություններ՝ բարձրակարգ տիեզերական հետազոտությունների և կրթության իրականացման, ինչպես նաև ստարտափների ստեղծման նպատակով։
HyeTech-ը Սիլիկոնյան հովտում գտնվող հայ մասնագետների միություն է, որը համախմբում է նրանց տեխնիկական, բիզնես և ձեռնարկատիրական փորձառության շուրջ: