Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 31-ին տեղի է ունեցել #ԱրմՀայԹեք2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր։
Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը։ Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, նշել այն նպատակներն ու ուղղությունները, որոնցով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ այդ կերպ խթանելով տնտեսության դինամիկ և արագ զարգացումը։
«Նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտահետազոտական և արտադրական կարողություններով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի առկայությունը ազգային անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև տնտեսական կայուն զարգացման հիմնական երաշխիքներից է»,- ասել է Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ իրենց տաղավարներով ցուցահանդեսում ներկայացված են նաև այն ստարտափ ընկերությունները, որոնք նախարարության տարբեր ծրագրերով ստացել են աջակցություն՝ դրամաշնորհների և հարկային արտոնությունների տեսքով:
«Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համակարգված մոտեցում է դրսևորում ստարտափ ընկերությունների նկատմամբ: Բացի սկզբնական շրջանում ցուցաբերած օժանդակությունից մեր կողմից հետևողական և շարունակական աշխատանքներ են տարվում նրանց զարգացման, կայացման ու հետագա առաջխաղացման համար: Սա նպատակային և կարևոր դիրքորոշում է, որը հետագայում կնպաստի, որպեսզի նրանց կողմից մշակված լուծումներն արդյունավետ կիրառություն ունենան մեր տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև երկրի անվտանգային և պաշտպանական համակարգերում։ Միջոցառումը առանձնահատուկ է նաև նրանով, որ կազմակերպչական բոլոր աշխատանքներում կիրառված են միմիայն հայկական տեխնոլոգիական լուծումներ»,- ընդգծել է Դավիթ Սահակյանը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո, Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրաստիճան պաշտոնյանները և հյուրերը շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ընկերություների կողմից առաջարկվող ծառայություններին: