ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Այս մասին հայտնում է ԳԱԱ-ն իր տարածած հայտարարության մեջ։
«Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:
Այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար: Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր:
Հուսով ենք, որ գիտության ոլորտում վերջին շրջանում Հայաստանի կառավարության որդեգրած դրական միտումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն գիտական հանրությանը գրանցելու նոր նվաճումներ: