Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը գրեթե մեկ միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում ամբողջ աշխարհում արգելակների հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է DW-ն, հունիսի 5-ին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային ավտոտրանսպորտային գերատեսչությանը (Kraftfahrt-Bundesamt, KBA):
KBA-ի տվյալներով՝ հետկանչի տակ են ընկնում ML-ի, GL-ի և R-դասի ավտոմեքենաները, որոնք թողարկվել են 2004-2015թթ.: «Արգելակների ուժեղացուցիչի կոռոզիան վատագույն դեպքում կարող է հանգեցնել արգելակների ոտնակի և արգելակման համակարգի միջև կապի խանգարման»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Ամբողջ աշխարհում, ինչպես հաղորդվում է, հետ կկանչվի 993 407 ավտոմեքենա, այդ թվում՝ շուրջ 70 000-ը Գերմանիայում։
Mercedes-Benz-ը հաստատել է գերմանական ավտոտրանսպորտային գերատեսչության տեղեկատվությունը՝ հայտնելով, որ ծայրահեղ դեպքերում մեքենայի արգելակումը աշխատանքային արգելակի օգնությամբ կարող է անհնարին դառնալ: «Դա մեծացնում է դժբախտ պատահարների վտանգը», – նշել է ավտոարտադրողը:
Ընկերությունը մտադիր է ստուգել նշված տրանսպորտային միջոցները, դրանց տերերին արհեստանոցում գտնվելու ժամանակ անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն անվճար այլընտրանքային փոխադրամիջոցներ: «Մինչև ստուգման պահը մենք խնդրում ենք մեր հաճախորդներին չօգտվել ավտոմեքենաներից»,- հայտնել է Mercedes-Benz-ը: