Կարծում եմ պետություն և մասնավոր հատված գործակցությունը հաջողության համար միշտ կարևոր է՝ հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում, որտեղ միլիարդավոր դոլարների բյուջե չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը՝ հավելելով, որ գիտութունը այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակահատվածում:
«Կառավարության դերը շատ մեծ է և ակադեմիական ներուժը ճիշտ ուղղությամբ զարգանում է: Ներդրումներ են կատարվում գիտության և տեխնոլոգիայի ոլորտում և բոլորի կողմից կա շահագրգռվածություն՝ ներգրավվել այս ոլորտում՝ ակադեմիական ոլորտի գիտություներից մինչև արտադրական արդյունաբերության ոլորտ: Մեծ հետաքրքություն կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,- ասաց Փաթափությանը:
Նրա խոսքով, հայկական գիտական հանրույթի հետ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չունեն, բայց ուղիղ քննարկումներ են ունենում այդ թեմայի շուրջ:
«Լավագույն ձևն ինձ համար, օգտակար լինել այդ հարցում, սեփական ներդրում ունենալն է: Դեռ մի քանի օր եմ այստեղ, կարծում եմ ամեն ինչ առջևում է»,- ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիրը:
Նրա խոսքով, IT ոլորտում Հայաստանը մեծ ներդրում ունի և արդեն կան այնպիսի ստարտափ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը գիտական տեսանկյունից և դրանք հետագայում ներդրվում են կրթական ծրագրերում:
«Կարևոր է Հայաստանի նման փոքր երկրի համար ունենալ ճիշտ ռազմավարություն և շեշտը դնել այն ոլորտների վրա, որտեղ կարող ենք ընդլայնվել եւ գերազանցություն ցուցաբերել: Մասնավորապես, այդպիսի ոլորտ է IT-ն»,-ասաց Փաթափությանը:
Գիտնականը նշեց, որ երկու նպատակ ունի, որից մեկն այն է, որ լինելով ծագումով առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը, ուզում է, որ հայ երիտասարդները հետաքրքրություն ցուցաբերեն այդ ոլորտում:
«Ուզում եմ իրենք նայեն ու մտածեն, որ եթե Արտեմը կարողացավ անել, ապա ես նույնպես կարող եմ: Սա ամենակարեւոր նպատակն է: Երկրորդը, եթե ես որեւէ գիտական կամ տեխնոլոգիական ոլորտում կարողանամ իմ ներդրումն ունենալ, ապա դա հրաշալի կլինի, այժմ ես աշխատում եմ գտնել այն ճյուղը, որտեղ կկարողանամ օգտակար լինել»,- ասաց գիտնականը:
Անդրադառնալով վերջերս տիեզերք ուղարկած հայկական առաջին արբանյակին, Փաթափությանն ասաց, որ արբանյակը շատ լավ օրինակ է, թե ինչպես ռազմավարական պլանը կարող է իսկապես շատ լավ աշխատել: Արբանյակից ստացած ինֆորմացիան շատ օգտակար կարող է լինել թե՛ պաշտպանության տեսանկյունից, թե՛ ՏՏ տեսանկյունից:
«Մյուս կողմից սա գաղտնի ինֆորմացիա է եւ չի կարող հանրայնացվել: Կարծում եմ՝ այդ տեղեկատվության օգտագործումն առաջին ռազմավարական հարցերից մեկն է Հայաստանի համար»,-ընդգծեց Արտեմ Փաթափությանը:
Արտեմ Փաթափությանն մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան է: 2021թ-ի հոկտեմբերի 4-ին Արտեմ Փաթափությանին շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար: «Փաթափության փորձարարական լաբորատորիա»-ում հայտնաբերվել են ջերմության, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալներ և ընկալիչներ: Ցույց է տրվել, որ այս իոնային կանալները կարևոր դեր են խաղում ջերմության, հպման, պրոպրիոցեպցիայի, ցավի և անոթների տոնուսը կարգավորելու ժամանակ:
Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967թ․, Բեյրութում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Սարգիս Վահագնին, հայտնի բանաստեղծ էր Լիբանանում, երկու տասնյակ հրատարակված գրքերի հեղինակ: Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, դպրոցի տնօրեն էր Բեյրութում: 1975թ-ին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ Արտեմ Փաթափությանը սովորում էր Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ ընտանիքի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում: Այնուհետև Արտեմ Փաթափությանը կրթությունը շարունակեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և 1996թ-ին ստացավ կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ-ին նա աշխատանքի է անցել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի «Նովարտիս» հետազոտական ֆոնդի Գենոմիկայի ինստիտուտում, 2002-2005թթ-ին նշանակվել է Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, իսկ 2006-2014թթ-ին զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: