Հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, գիտնականներ, ուսանողներ: Արտեմ Փաթափությանին դահլիճը դիմավորեց ծափերով:
«Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ գիտության ոլորտում ամենաբարձր՝ Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Մայր հայրենիքում մենք բոլորս ուրախ և հպարտ ենք այս մեծ ձեռքբերման համար և համարում ենք, որ այն մեր ազգի կարևոր նվաճումներից է:
Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համատեղել Հայաստանի և Սփյուռքի ջանքերը: Այս առումով ես կցանկանայի պրոֆեսոր Փաթափությանի հետ քննարկել մի գաղափար՝ ԳԱԱ նախագահության ենթակայության ներքո ստեղծել առաջատար հետազոտությունների կենտրոն, որտեղ կմիավորվեն բնական գիտությունների բնագավառում ժամանակակից չափանիշներին համապատասխանող հետազոտություններ իրականացնող, Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ջանքերը զուգակցող գիտահետազոտական խմբեր: Պրոֆեսոր Փաթափությանին կխնդրենք ղեկավարել և համակարգել այդ կենտրոնի գիտական գործունեությունը», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
«Շնորհավորում եմ հարգելի Արտեմ Փաթափությանին և մեզ, քանի որ մեր Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների շարքը համալրվեց Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայազգի գիտնականով: Ձեր այցը Հայաստան հաճելի ալեկոծություն է առաջացրել մեր կրթական և գիտական համակարգում: Նման իրադարձությունները մեր երիտասարդ գիտնականների, ուսանողների, դպրոցականների մեջ ծնում են մեծ էներգիա, որպեսզի նրանք զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն», – ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին պատվավոր անդամի կոչում շնորհելու համար և նշեց. «Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները: