Հունիսի 23-24 – ը Երևանում կայացած ՀԱՊԿ համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի XIII նիստի շրջանակներում ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքները, ինչպիսիք են ֆիշինգը և DDoS տիպի հարձակումները: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նիստի մասնակիցները նաև տեղեկատվության անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը համեմատել են 2021 թվականի իրադրության հետ և պայմանավորվել են շարունակել զարգացնել տեղեկատվական փոխգործակցությունը համակարգչային հարձակումների հայտնաբերման, կանխարգելման և հետևանքների վերացման, ինչպես նաև համակարգչային միջադեպերին արձագանքելու ուղղությամբ:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև բոթ-ցանցերի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները, կարևորվել է կապի օպերատորների հետ փոխգործակցությունը:
Քննարկվել է նաև ընթացիկ տարվա երկրորդ կեսին համակարգչային անվտանգության ծրագրվող տեխնիկական մարզումների նախապատրաստումը:
Տեղեկացվում է, որ հայկական կողմը մասնակիցներին ծանոթացրել է ընթացիկ տարում արդիականացված կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օբյեկտներից մեկի՝ համակարգչային հարձակումներին հակազդելու ծրագրա-ապարատային համալիրի հետ: