Facebook-ը վերադառնում է ակունքներին՝ հավելվածներում վերականգնելով ժամանակագրական հոսքը (News Feed)՝ օգտատերերի համար հեշտացնելով իրենց ընկերների գրառումներին հետեւելը: Այս մասին գրում է Itel.am-ը։
Facebook-ն իր iOS եւ Android հավելվածներում բաժանում է հոսքը երկու մասի՝ Feeds եւ Home, հաղորդում է Guardian-ը:
«Facebook-ում ամենապահանջված գործառույթներից մեկն այն էր, որ մարդիկ բաց չթողնեն ընկերների գրառումները», – ասել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
«Այսօր մենք գործարկում ենք Feeds ներդիրը, որտեղ դուք կարող եք տեսնել ձեր ընկերների, խմբերի եւ էջերի հրապարակումները ժամանակագրական կարգով:
Home ներդիրում շարժիչը խորհուրդ կտա այն բովանդակությունը, որը կարող է հետաքրքրել ձեզ: Բայց Feeds ներդիրը հնարավորություն կտա հարմարեցնել եւ վերահսկել ցանկալի բովանդակությունը», – բացատրել է Ցուկերբերգը:
Նորամուծությունը կսկսի հավելվածներում երեւալ այսօրվանից եւ առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է հասանելի դառնա բոլոր օգտատերերին:
Guardian-ը նշում է, որ սա կլինի ամենամեծ փոփոխությունը 2011 թվականից ի վեր, երբ Facebook-ն անցել էր News Feed-ի ալգորիթմային կանոնակարգմանը: