2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ալես Բելյացկիին, ինչպես նաև Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնին և Քաղաքացիական ազատություններ ուկրաինական կենտրոնին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բելյացկին «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը հիմնադրել է 1996 թվականին։ Նա 2011 թվականին դատապարտվել է հարկերից խուսափելու համար։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դա համարել են անհիմն և քաղաքական դրդապատճառներիհիման վրա։ Բելյացկին ազատ է արձակվել 2014 թվականին։ 2021 թվականի ամռանն իրավապաշտպանը կրկին ձերբակալվել է 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցերի առնչությամբ։ Այժմ նա շարունակում է մնալ ճաղերի հետևում։
«Մեմորիալը» ստեղծվել է 1987 թվականին համախոհների կողմից, ովքեր ցանկանում էին հավերժացնել խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակը։ Շարժման անդամները ստորագրություններ են հավաքել բռնաճնշումների զոհերի հուշարձանի և հուշահամալիրի ստեղծման համար, անցկացրել փողոցային ցույցեր, ցուցահանդեսներ և գիտական սեմինարներ պետական տեռորի թեմայով։ Ակադեմիկոս, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը դարձել է «Մեմորիալի» խորհրդի առաջին նախագահը։
2022 թվականի ձմռանը Ռուսաստանի Գերագույն դատարանը Գլխավոր դատախազության հայցով վերջնականապես լուծարել է «Մեմորիալը»։ Դատախազության պնդումները խտանում էին այն դեպքերի վրա, երբ «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակը նշված չէր «Մեմորիալի» նյութերում՝ այն ժամանակ, երբ մակնշման տեքստին հստակ պահանջներ չկային։ Բացի այդ, կազմակերպությունը մեղադրվում էր պետական իշխանություններին վարկաբեկելու և «ԽՍՀՄ-ի` որպես ահաբեկչական պետության կեղծ պատկերացում» ստեղծելու մեջ։
Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին՝ մարդու իրավունքների պաշտպանության և Ուկրաինայում ժողովրդավարությունը խթանելու նպատակով: Այս կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ամրապնդման և իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործում՝ Ուկրաինան լիարժեք ժողովրդավարական երկիր դարձնելու համար, ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։
2021 թվականին Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակը շնորհել էր երկու լրագրողի։ Այն շնորհվել էր ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան «Ռապլեր» թերթի հիմնադիր Մարիա Ռեսանին՝ «խոսքի և արտահայտվելու ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որոնք հիմնարար են ժողովրդավարության և կայուն խաղաղության համար»: