Հայկական առաջին արբանյակը կատարել է նկարահանում Հայաստանի արևելյան սահմանագծից սեպտեմբերի 14-ին: Այս մասին ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի աշխատանքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ արբանյակն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար:
Նրա խոսքով՝ տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում, սակայն առաջին արբանյակի արձակումը Հայաստանի համար եղել է շատ արագ, նույնիսկ՝ աննախադեպ արագ:
Ինչ վերաբերում է արբանյակի կառավարման փուլին, ապա ըստ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանի՝ այն գտնվում է վերջնական փուլում: Շուտով կժամանեն մասնագետները, որոնք մոնտաժման աշխատանքները կիրականացնեն:
«Ինչ վերաբերվում է աշխատակիցներին, ապա որոշ մարդիկ արդեն ներգրավված են վերապատրաստման ծրագրի մեջ, սովորում են, պրակտիկ գիտելիքներ են ստանում, թե ինչպես կառավարել արբանյակը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն ընթանում է բավականին հաջող:
Ըստ նախարարի, այն պահից, երբ վստահ լինեն, որ կարող են ինքնուրույն կառավարել, կառավարումը կանցնի մեզ: Սակայն ստացված բոլոր տվյալները ՀՀ սեփականությունն են:
«Այլ երկիր կամ կազմակերպություն ոչ մի իրավունք չունի այդ տվյալների նկատմամբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մինչև տարվա վերջ կառավարումը կստանձնեն: