Հայաստանը և Էստոնիան ստորագրել են նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։
Նշվում է, որ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման և տվյալների դասակարգման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու ուղղությամբ:
Նպատակ է դրվել նաև աջակցել մեծ տվյալների վերլուծության ոլորտում գործակցությանը՝ խթանելով գիտելիքի փոխանցումը և կարողությունների զարգացումը՝ մասնավոր և պետական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներգրավմամբ: