Հայաստանի հինավուրց Մեծամոր ամրոց-քաղաքում հնագետների լեհ – հայկական խումբը տղամարդու և կնոջ դամբարան է հայտնաբերել, հաղորդում է Nauka w Polsce կայքը: Այն թվագրվում է Եգիպտոսում Ռամսես II – ի կառավարման ժամանակահատվածին և թվագրվում է մ.թ.ա. 1300-1200 թվականներին։ Գերեզմանում թաղված են մի տղամարդ և մի կին, որոնք, փորձագետների նախնական գնահատմամբ, մահացել են 30-40 տարեկան հասակում և, հավանաբար, զույգ են եղել:
«Նրանց մահը առեղծվածային է, քանի որ մենք չգիտենք դրա պատճառները։ Սակայն ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրանք մահացել են միաժամանակ՝ գերեզմանի վերաբացման ոչ մի հետք չկա», — հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար, լեհ հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։ Գտածոն նա անվանել է եզակի, քանի որ «գերեզմանը չի թալանվել, այլ առատորեն կահավորվել է»։
Դամբարանի ներսում հնագետները գտել են հարյուրից ավելի ուլունքներ և ոսկյա կախազարդեր, գիտնականների գնահատմամբ՝ դրանցից մի քանիսը նման են կելտական խաչերի: Գերեզմանում հայտնաբերվել են նաև կարնելիից պատրաստված տասնյակ կախազարդեր, մոտ մեկ տասնյակ կերամիկական անոթներ և հախճապակյա ամանեղեն:
Մասնագետները չեն հստակեցրել, թե որ ժողովուրդն է բնակվել Մեծամորում երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին, քանի որ այդ ժամանակաշրջանի ոչ մի տեքստ չի պահպանվել։ Այնուամենայնիվ, հնագետները վստահ են, որ բնակավայրն այնքան մեծ էր, որ «այդ ժամանակահատվածում չկար մեկ այլ, որը համեմատելի էր դրա հետ կարևորությամբ»:
Հուղարկավորությունը հայտնաբերվել է Վարշավայի համալսարանի միջերկրածովյան հնագիտության կենտրոնի և Հայաստանի ազգային ժառանգության պահպանության և հնությունների դեպարտամենտի համատեղ նախագծի շրջանակներում: Հայկական կողմից նախագիծը ղեկավարում է պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։