Արհեստական բանականությունն ու դրա վրա հիմնված ծառայությունները կարող են առանց աշխատանքի թողնել շուրջ 300 միլիոն մարդու ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի զեկույցին։
Զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում աշխատատեղերի երկու երրորդը կարող է մասնակի կամ ամբողջությամբ ավտոմատացվել: Ռիսկի խումբը ներառում է մասնագիտություններ, որոնք պահանջում են մեծ ֆիզիկական աշխատանք, ինչպես նաև սպասարկման ոլորտը և մաքրությունը:
Բացի այդմ ավտոմատացված համակարգի ռիսկի տակ են նաև այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են հաշվապահությունը, վարչական և գրասենյակային աշխատանքները։ «Աշխարհում աշխատատեղերի 18%-ը կարող է ավտոմատացվել»,- նշվում է զեկույցում։
Ինչպես նշվում է հոդվածում, արհեստական բանականությունը կարող է նպաստել նոր մասնագիտությունների ստեղծմանը։ Բանկը նաև նշել է, որ դրա օգտագործումը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 7% աճի և աշխատուժի արտադրողականության աճի։