Հայկական երկրորդ արբանյակը տիեզերք արձակելու աշխատանքները նախնական փուլում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք կատարում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները։ Ես չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց, ամեն դեպքում, աշխատանքներ այդ ուղղությամբ իրականացվում են»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանում նման արտադրություն իրականացնելն իրատեսական չէ։
Նախարարը հայտնել է նաև, որ արբանյակի կառավարման կենտրոնն արդեն կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված որոշ սարքավորումների ներմուծմանն են սպասում։ Նրա խոսքով՝ այս ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նշվել էր նաև, որ նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է արձակել 2022-ի մայիսին։