Առաջիկա ամիսներին ՀՀ-ն կստանա իր արբանյակի ընդունիչ կայանը և ինքնուրույն կկառավարի, ԱԺ-ում հայտնել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Արբանյակի թողարկումից հետո հայտարարվել էր, որ 2023 թվականի ընթացքում կունենանք ընդունիչ կայանը և կառավարման կենտգրոնը։ Նշվածի ուղղությամբ աշխատանքները նորմալ են ընթանում։ Կառավարման կենտրոնն արդեն ամբողջությամբ կահավորված է։ Առաջիկա ամիսներին նաև ընդունիչ կայանը կստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, հիմա պարզապես թղթաբանական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի բեռնափոխադրումը կազմակերպվի»,-ասաց նախարարը։
2022-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նշվել էր նաև, որ նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է արձակել 2022-ի մայիսին։